Այս տարի հայ առաքելական եկեղեցու օրացույցով Հիսուս Քրիստոսի Համբարձման օրը մայիսի 30-ին էր:
Ծեսը որոշել էինք անցկացնել Ծաղկեվանքում, որը գտնվում է Արա լեռան ստորոտին և համարվում է այս տոնի ուխտատեղի: Ազատան համայնքի կիրակնօրյա դպրոցի հետ մեր վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվեցինք միասնաբար տոնել ծեսը և մեր շարունակական համագործակցության ջրաղացին այս մի հանդիպում-փոխանակումով էլ ջուր լցնել: Երեցկնոջը՝ Գոհարին ուղարկվել է Սեդա Թևանյանի և ծեսը համակարգող՝ Մարինե Մկրտչյանի կողմից Համբարձման ծեսը կրթահամալիրում փաթեթը ինչպես նաև տեխնոլոգիական անհրաժեշտ պատրաստությունների ուղեցույց-հոլովակ:
Գոհարի պարտաճանաչությունն ու տիպիկ սեբաստացիական հավեսը, իդեալական են համադրվում և արդյունքը շատ ոգևորիչ ու լիարժեք է լինում:
Քանի որ Համբարձման հաջորդ 10 օրերը կարելի է այն տոնել, միասնական ծեսի օրն ընտրեցինք հունիսի մեկը: Հանդիպեցինք Կարբի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Մեր հանդիպումները արդեն ոչ սովորական են՝ հարազատական, ջերմ գրկախառնություններով, միմյանց հալ ու քեֆ հարցնելով, բա էսինչն ո՞ւր է, ինչու՞ չի եկել հարցերով: Սեբաստացի ու ազատանցի երեխաները այլևս բարեկամներ են, իրար շատ սիրելի ընկերներ:
Ծեսի ծաղկահավաքը կատարեցինք հենց Կարբի գյուղում, երկրորդ հատվածը՝ Ծաղկամոր և պսակների պատրաստությունը Ծաղկեվանքում: Հաղթահարեցինք ուխտատեղի տանող բարձունքը, սուրբ ջրից մի բուռ առանք ու հետ վերադառնալով Կարբի գյուղ, ընկանք տնետուն գովելու տան տերերին ՝ մեծից փոքր: Այնքան տպավորիչ էր՝ լրիվ անծանոթ մարդիկ, անծանոթ բակեր, իսկ մարդիկ հաճախ զարմացած՝ ծեսից անծանոթ, անակնալի էին գալիս: Մենք էլ, մեզ բաժին հանվող դրամներից ու քաղցրից, ուրախ-ուրախ երգում ու գովում էինք:
Վիճակն էլ հանեցինք Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, մի լավ զվարճացանք:
Այս ողջ պատմության մեջ չեմ կարող հատուկ չնշել սիրելի քահանա Տեր Մակարին ու երեցկին Գոհարին: Նրանք հենց մարգարեներն են, ովքեր Ազատանում լույս ու սեր են տարածում: Այդքան երեխայի հետ առանց լարվելու, իրենց զավակների հետ հավասար խնամքով ու խոնարհությամբ են անում իրենց գործը: Պարգև է այս ընտանիքի հետ հանդիպելն ու օր անցկացնելը։
Տեսանյությում ներկայացված է Ազատանի կիրակնօրյա դպրոցի նախապատրաստական աշխատանքները: Համակրգող՝ երեցկին Գոհար:
Ծեսի ամփոփիչ- ամբողջական հոլովակը կներկայացնի ծեսի համակարգող՝ Մարինե Մկրտչյանը: