Եռօրյա հայրենագիտական-մշակութային արշավի ժամանակ Գյումրին ճանաչելու լայն հնարավորություններ ունեինք և նախապես որոշել էինք, որ հենց լինեինք Գյումրիում անպայման պետք է այցելեինք «Իմ ֆռռիկը» արհեստանոց: Ասում են, որ ամենալավ հոլ պտտացնողները հենց Գյումրիում են: Արսենի և Գագիկի նախաձեռնությունը նոր թափ ու հավես է հավաքում, քանի որ լավ մոռացված հինը ընդունելի ու սիրված նորն է: Նրանք հյուրընկալվել էին կրթահամալիր Թոքմաջյան Վահրամի հրավերով, վարպետության դաս են անկացրել, հենց այդ օրվանից էլ հասկացանք, որ պետք է հոլը պտտացնենք հենց Գյումրիում ու հենց այնտեղից էլ պետք է ձեռք բերենք մեր գեղեցիկ զարդանախշերով հոլերը: Գյումրու Պարույր Սևակ փողոցում էլ Արսենն ու Գագիկը մեզ համար վարպետության դաս արեցին՝ ցուցադրելով հոլ պտտացնելու մի քանի հնարքներ, որոնք իսկապես ֆանտաստիկ հմտություն էին պահանջում:
Հոլ պտտացնելուց հետո ուղևորվեցինք Ձիթողցյանների թանգարան, որը Գյումրու այն յուրահատուկ տեղերից է, որտեղ հավաքված է մի ողջ դարաշրջանի պատմություն, մշակույթ: