Արևմտյան դպրոցի 5.1 դասարանի մի խումբ սովորողներ, արձագանքում են կրթահամալիրի տնօրենի օրապատումի թվով 1578-րդ գրին, որտեղ Աշոտ Բլեյանը ներկայացրել էր կրթահամալիրյան յոթ հրաշալիքների հնարավոր բոլոր հավանական-անհրաժեշտ տարբերակները և դիմել սովորողներին և դասավանդողներին, որ յուրաքանչյուր դպրոց, սեբաստացի անհատ առաջարկի իր կրթական օղակի՝ նոր կազմավորվող և ընթացքի մեջ գտնվող-կառուցվող հրաշալիքների ցանկը:
Արևմտյան դպրոցի սովորողները, արձագանքելով տիար Բլեյանի կոչին, նամակ գրեցին և առաջարկեցին յոթ հրաշալիքներից առաջինի իրենց տարբերակը՝ ֆուտբոլի նոր, խոտածածկ մարզադաշտ մայր դպրոցի ասֆալտապատ դաշտի փոխարեն: 5.1 դասարանի սովորող Սերոբյան Վահագնի նամակին, հետևեց Տիար Բլեյանի հետ հանդիպում- քննարկումը՝ Մայր դպրոցի ֆուտբոլի մարզադաշտում: Քննարկումը ստորև ներկայացված տեսանյությում է: Առաջիկայում պատրաստվում ենք դիմել Մացակյան Կարինեի և Զառա Ոսկանյանի օգնությանը, որպեսզի ֆուտբոլի դաշտի այժմյան տեսքով նկարների վրա, գրաֆիկական լուծումներով պատկերեն խոտածածկ ու հանդերձարաններով ապահովված մարզադաշտի մոդելը: Սովորողների կողմից, մարզական ակումբի ղեկավար՝ Միքայել Ղազարյանի և պրն. Կարապետ Ռուբինյանի օգնություն-համակարգմամբ, նամակ կգրենք ՀՖՖ-ին՝ հրավիրելով կլոր սեղանի, որպեսզի քննարկենք բոլոր հնարավոր լուծումները, ֆեդերացիայի անմիջական աջակցությամբ՝ 2019-2020 ուստարում նոր, հարմարավետ ու խոտածածկ ֆուտբոլի մարզադաշտ ունենալու համար: