Գաղտնիք չէ, որ տոներից հետո ուսումնական ճամբարը մեր սովորողների համար մոտիվացիայի և կուտակված էներգիայի ծախսման լավագույն հարթակ է: Ճամբարային բազմաբնույթ գործունեությունը սովորողների լայն շրջանակի համար ՝նոր հմտությունների դրսևորման, նոր կարողությունների ու հաղթահարումների հետաքրքիր փուլ է: Ճամբարային-ստուգատեսային շաբաթները կրթահամալիրյան իրականության այն հատվածն են, երբ օրը սկսում ես ու միայն ամենավերջում հասկանում-արձանագրում, որ արդեն օրվա ավարտն է: Ճամբարականների առօրյայի կարևոր բաղադրիչների շարքում են իհարկե իրենց ցանկությունների բուրգից որոշ կետեր՝ մարզական հատված, համեղ խոհանոց, ինտելեկտուալ խաղեր: Այս տարի Շուշան Ալեքսանյանի հետ համատեղ ղեկավարում եմ հայրենագետ-բնագետների ջոկատը: Անունն ինքնին ենթադրում է ջոկատի աշխատանքների բազմակողմանի զարգացումներով առատ նախագիծ: Նախագիծն կազմվել ու քննարկվել է սովորողների հետ, որպեսզի օրվա բաշխումն ու աշխատանքների կատարումը ներջոկատային խմբերում ճիշտ կառուցվի, քանի որ որոշել ենք մի քանի գործունեություններով զբաղվել: Սովորողները մտածեցին ջոկատի կարգախոսը՝ «Եթե տեղեկացված ես, ուրեմն պաշտպանված ես»: Ճամբարային նախագծի կարևոր անելիքների շարքում է «Մենք երեխա ենք, մենք իրավունք ունենք…» մանրապատում-ֆիլմերի բեմադրման- նկարահանման գործընթացը, ինչը սովորողների մոտ առաջացրել է մեծ աշխուժություն: Այս ամենի ակունքում, ճամբարական Վահագն Սերոբյանի նվեր գրքերն են ՄԻՊ-ի գրասենյակից՝ անձամբ պարոն Թաթոյանից: Սովորողները, կարդալով երեխաների իրավունքների մասին օրենքով ամրագրված հոդվածները, քննարկումներ են անում: Այդ ամենից հետո, 2-3 րոպե տևողությամբ իրավիճակ-բեմադրություն ենք մտածում միասին, իրենց խոսքերով, և փորձում հնարավորին հասանելի տարբերակով ներկայացնել օրենքի տվյալ կետը՝ որպես կարճամետրաժ ֆիլմ: Այսօր առաջին փորձն արեցինք, վաղը նկարահանումներ տեղի կունենան:
Հատուկ հյուր ունեինք: Երգուսուցման-վարպետության դասի հրավերով էր մեզ մոտ Սյուզի Մարգարյանը: Միասին երգեցինք մի քանի երգեր, անգամ երկձայն երգելու փորձեր արեցինք, արդյունքը կտեսնեք այս մեդիաուրբաթի ժամանակ: Շարունակելի….
Օրվա կարևոր ու հիշարժան հատվածն էր նաև ճամբարական Սեդայի ծննդյան տոնը՝ բենգալյան կրակներով, որը կարծես ճամբարի լավ ավանդույթ է դարձել արդեն երկրորդ տարին: Սովորողները իրենց տպավորությունները, ճամբարի անհատական ուսումնական պլանները տեղադրել են բլոգներում և հաջորդ օրվա անելիքների մասին վաղօրոք տեղեկացած են ու իհարկե ոգևորված: Օրվա առաջին հատվածը Շուշան Ալեքսանյանը ներկայացրել է իր բլոգում:
Սովորողների օրապատումները՝
- Մարիամ Արշակյան
- Սեդա Ստեփանյան
- Հրայր Սեմիրջյան
- Սամվել Հովհաննիսյան
- Ալեքս Գանջալյան
- Նորայր Գևորգյան
- Նարե Ղազարյան
- Մարիա Բաբաջանյան
- Նարե Խաչատրյան
- Վիկտորյա Գիգորլյան
- Դավիթ Մարտիրոսյան
- Լևոն Ստեփանյան