Հոկտեմբեր ամիսը ամենաիսկական հեծանվարշավների համար է՝ ջերմ ու տաքանցող արև, գեղեցիկ ու գունեղ ճանապարհ: Այս անգամ մեր հեծանիվները մեզ տարան Զվարթնոց տաճար: Զվարթունների պակաս չունեինք, քանի որ շատերն էին ցանկանում մասնակցել հեծանվարշավին: Մեկնարկը փոքր-ինչ դժվար տրվեց՝ դանդաղ էինք գնում, մինչև Սուրբ Հարություն եկեղեցի հասնելը երկու անգամ կանգառ ունեցանք, բայց հետո՝ էլ չկանգնեցինք, և ճամփան մեզ տարավ ուղիղ նշանակետ: Սովորողները իրենք էլ խոստովանեցին, որ ամենասկզբում փոքրիկ մտավախություն ունեին, որ չեն կարող, և հենց դա իրենց խանգարեց, բայց երբ հաղթահարվեց առաջին չորս կիլոմետրը, մնացած տասը արդեն հեշտ էր ու հաղթահարելի: Տաճար հասանք մեծ ոգևորությամբ, մտանք ինչպես քամի՝ սուրալով: Ազատ ընթացքին տրվելը այնքա՜ն սպասված էր: Շրջեցինք տաճարով, սովորողները պատմեցին այն ամենը ինչ հասցրել էին համաանցից և այլ աղբյուրներից գտնել տաճարի մասին: Քննարկեցինք, պարզաբանեցինք մեզ համար հետաքրքրական հարցեր և բռնեցինք հետդարձի ճամփան:
Մի քանի դիտարկում պետք է անեմ, որոնք իսկապես կարևոր են հետագա արշավների համար
. Զվարթնոց տանող ճանապարհը ամենաանվտանգներից ու հարմարներից է հեծանվարշանվերի համար
. Վարորդներից շատերը երբ նկատում էին, որ դպրոցահասակ երեխեք են, արագ չէին վարում, զիջում էին, ճանապարհ տալիս, մոտենում հարցնում՝ արդյո՞ք բանի կարիք չունենք
Այս ամենը իհարկե ուրախացնող է, բայց դեռևս առկա է այն խնդիրը, որ վարորդը պետք է հարգի հեծանվորդին, պետք է ունենանք հատուկ հեծանվային ուղիներ, որոնք դեռ չկան, բայց մենք հավատում ենք, որ դրանք իրենց ուշացնել չեն տա: Չնայած այս ամենին, մենք չենք դադարում վայելել ընթացքը և որսալ պահը:
Օրը ուրախ ու լեցուն էր՝ տպավորություններով, ադրենալինով: Ասես շա՜տ կարևոր հաղթանակ տարած լինեինք: Սա հաղթանակ էր առ մեր ունեցած վախերի: Դե ինչ, մեզ նոր ճամփաներ են սպասում….
Ընթացքներս բարի…..
Լուսանկարների և մեզ ուղեկցելու համար հատուկ շնորհակալություն Արմինե Թոփչյանին: